Ազգային-Եկեղեցական Ժողովը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, որը համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցն է: Ազգային-Եկեղեցական Ժողովի նիստը հրավիրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Կաթողիկոսական Աթոռի թափուր լինելու դեպքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության համար Ազգային-Եկեղեցական Ժողովի արտահերթ նիստ հրավիրվում է Կաթողիկոսական Տեղապահի կողմից վեց ամսվա ընթացքում: Ազգային-Եկեղեցական Ժողովը գումարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Ազգային-Եկեղեցական Ժողովը`
ա. ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին,
բ. որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ,
գ. որոշումներ է ընդունում դավանաբանական, ծիսական, կանոնական, ինչպես նաև վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերյալ,
դ. ընդունում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները,
ե. սահմանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառույցների կարգավիճակը` հոգևոր իշխանության, պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերությունների սահմաններն ու կարգը, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը,
զ. սահմանում է այլ Եկեղեցիների, կրոնական համայնքների, պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերության հիմնադրույթները,
է. լսում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Եկեղեցական-Ներկայացուցչական Ժողովի, Գերագույն Հոգևոր Խորհրդի, ինչպես նաև իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները, և ըստ անհրաժեշտության, կայացնում է որոշումներ,
ը. իր որոշումների իրագործումը վերահսկելու նպատակով, անհրաժեշտության դեպքում, ձևավորում է համապատասխան հանձնաժողովներ,
թ. ընդունում է Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնակարգը,
ժ. ընտրում է Ազգային-Եկեղեցական Ժողովի Դիվանը։